Պենտագոնի ղեկավարը հաստատել է Հրվ. Կորեայում THAAD համակարգերի տեղակայման վերաբերյալ պլանը

13:42 • 31.01.17

ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հաստատել է Հարավային Կորեայում ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման մտադրությունը, այս մասին գրում է կորեական Yonhap գործակալության անգլալեզու ծառայությունը: 

Նշվում է, որ ՄԵթիսն այս թեմայի շուրջ հեռախոսային բանակցություններ է վարել Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Հան Մին Գուի հետ, որի ընթացքում Գուն իր մտահոգությունն է հայտնել Հյուսիսային Կորեայի՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին հայտարարությունների հետ կապված: 

Գործակալությունը նշում է, որ Հարավային Կորեայի տարածքում THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հարցը լինելու է օրակարգի գլխավոր թեման փետրվարի 2-ին Մեթիսի՝ Հարավային Կորեա այցի ժամանակ: