«Անալիտիկ»-ի տնօրեն Անի Հովհաննիսյանը կմնա կալանքի տակ.պաշտպանի միջնորդությունները մերժվել են

16:25 • 01.02.17

«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը կմնա կալանքի տակ, պաշտպանի ներկայացրած միջնորդությունները դատարանը մերժել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

«Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց իմ ներկայացրած երկու միջնորդությունը: Միջնորդություն էի ներկայացրել Անի Հովհաննիսյանին անհապաղ ազատ արձակելու համար, որովհետև կալանքի ժամկետը լրացել է հունվարի 28-ին և այլևս չի երկարացվել, և միաժամանակ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էի ներկայացրել: Դատարանը երկուսն էլ մերժեց»,-ասաց պաշտպանը:

Հարցին, թե ինչ հիմքով է դատարանը մերժել միջնորդությունները, Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ հիմնվել է զուտ ենթադրությունների վրա, որ կթաքնվի, ազատության մեջ մնալով կթաքնվի և այլն:

Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 16-ին:

Նշենք, որ Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել շորթման համար՝ մի մասով՝ «ՎՏԲ» բանկից, մյուս մասով ՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից:

Կատարած հանցավոր արարքների համար Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: