Կալուգայում ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երևանսկին

10:31 • 01.02.17

Ռուսաստանի Կալուգա մարզի Բալաբանովո քաղաքում գտնվող սրճարաններից մեկում Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են 39-ամյա «օրենքով գող» Արսեն Մկրտչյանին, որը քրեական միջավայրում հայտնի է որպես Արսեն Երևանսկի, գրում է primecrime.ru-ն։


Նրա հետ ձերբակալվել է 9 մարդ, այդ թվում՝ Օբնինսկ քաղաքի «նայողը», ինչպես նաև մի թմրավաճառ, որը եկել էր նրա հետ հանդիպման թմրանյութի մեծ տեսականիով։


Խուզարկության ժամանակ «օրենքով գողի» մոտ նույնպես հայտնաբերվել է թմրանյութ, ենթադրաբար՝ մեթադոն և հերոին։


Կայքի տեղեկություններով՝ Արսեն Մկրտչյանն ազդեցություն ունի Կալուգայում, որն անվանում են նրա «արգելոցը», և Մոսկվայի շրջանում։ Ինչպես իր գործընկերների մեծամասնությունը, եկամտի զգալի մասն Արսենը ստանում է դրամական միջոցների կանխիկացման անօրինական գործողություններից։


Նշվում է, որ իրավապահների գործողության ժամանակ Արսեն Մկրտչյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել։