Ճապոնիայի Ազգային դիետի Խորհրդականների պալատի նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակությանը

15:46 • 01.02.17

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը հունվարի 31-ին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Խորհրդականների պալատի (վերին պալատ) նախագահ Դաթե Չուիչին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

Քննարկելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության մակարդակը՝ կողմերը փաստել են, որ համագործակցությունն այդ ձևաչափում առավել կխորացնի հայ-ճապոնական բարեկամական կապերը՝ երկու երկրների համար ստեղծելով նոր հնարավորություններ:

Մասնավորապես կարևորվել են տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև տուրիզմի զարգացումը: Դաթե Չուիչին իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված Հայաստանի աջակցության համար:

Նա կարծիք է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունն առավել կզարգանա նաև արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացման ոլորտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ճապոնիան և Հայաստանը գիտակցում են երկրաշարժի ավերիչ հետևանքները:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը Ճապոնիայի կողմից տրամադրված բազմաթիվ աջակցությունների և համատեղ իրականացված ծրագրերի համար:

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների խորհրդարանների համագործակցությանն ուղղված կոնկրետ ծրագրեր և բազմաթիվ այլ հարցեր: