Գերմանիայում հակաահաբեկչական հատուկ գործողության արդյունքում 16 մարդ է ձերբակալվել
Գերմանիայի Հեսեն շրջանում անցկացված հակաահաբեկչական գործողության արդյունքում 16 մարդ է ձերբակալվել, մեկ մարդ կալանավորվել է։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հեսենի ՆԳՆ ղեկավար Պետեր Բոյթը, գրում է ria.ru-ն։
«Ձերբակալվել է 16 մարդ, նրանց նկատմամբ հետագա գործընթացներն անց են կացվելու սահմանված ընթացակարգի համաձայն»,- ասել է նախարարը։
Նա հավելել է, որ կալանավորվել է Թունիսի քաղաքացի, ձերբակալվածների քաղաքացիությունը դեռ չի պարզվել։ Նախարարը նաև հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք ձերբակալվածներն ունեն փախստականի կարգավիճակ։
Չորեքշաբթի վաղ առավոտյան անցկացված հատուկ գործողությանը մասնակցել է մոտ 1100 ոստիկան։ Խուզարկումներն անցկացվել են 54 օբյեկտներում, որոնց թվում եղել են տներ, գրասենյակներ և մզկիթներ։










