ՄԻՊ-ն ընդունել է զինգրքույկներում մարտական ծառայությունների մասին գրառումները ջնջված մի շարք զինծառայողների
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է մի շարք զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին: Ուսումնասիրվել են զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության մասին գրառումներ չկատարելու, կատարված գրառումներում «անվավեր» նշում կատարելու կամ այդ գրառումները ջնջելու հետ կապված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաև քննարկվել են խնդրի հետ կապված մանրամասներ:
Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ներկայացրած հանգամանքների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է պաշտոնական ընթացակարգ:
Արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ պարզելու համար ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունից պարզաբանումներ պահանջելով և համատեղ աշխատելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ի խմբագրություն էր դիմել հունվարի 17-ին զորացրված Հայկ Գինովյանը՝ բողոքելով, որ զորացրվելու ժամանակ իր զինգրքույկում սպիտակ ներկով ջնջվել է հատվածն այն մասին, որ ինքը ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին:
Այսօր ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել զորացրված զինծառայողների զինգրքույկներում անվավեր ճանաչված գրառումների վերաբերյալ, որում նշված էր, որ դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով։










