Որդիս չի զոհվել, հերոսացել է ու շատերի համար դարձել օրինակ. Սևակ Խաչատրյանն այսօր կդառնար 20 տարեկան (տեսանյութ)

18:48 • 01.02.17

2016թ. սեպտեմբերի 25-ին մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանն այսօր կդառնար 20 տարեկան:

Սևակ Խաչատրյանը 2016թ-ին մասնակցել էր ապրիլյան քառօրյա պատերազմին և արիության, գերազանց ծառայության համար շքանշանի արժանացել: Հունվարի 28-ին արդեն ՀՀ Նախագահի կողմից հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար կրտսեր սերժանտ Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

Արմավիրի մարզի Արևիկ գյուղի դպրոցում այսօր՝ հերոսի ծննդյան օրը, նրա անունով անվանակոչվեց դպրոցի ինֆորմատիկայի դասասենյակը, որից հետո տեղի ունեցավ նաև հիշատակի միջոցառում:

«Այսքանը տեսնելով ես հասկացա, որ իմ որդին չի զոհվել, իմ որդին հերոսացել է ու շատ շատեր համար օրինակ է դարձել, ափսոս ուղղակի մեզ հետ չի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սևակի մայրը՝ տիկին Աստղիկը:

Հայրը՝ Հովհաննես Խաչատրյանը հիշեց, որ ապրիլյան քառօրյային, երբ տղային հարցնում էր, թե ինչպես է, նա պատասխանում էր. «Դուք ձեր գործին եղեք, մենք մեր գործը լավ գիտենք»:

Դպրոցի տնօրեն Լևոն Այվազյանն ասաց, որ Սևակը բացառիկ, գերազանց առաջադիմությամբ էր սովորում, լավագույնն էր բոլոր հարցերում:

«Բանակից ստացած յուրաքանչյուր պարգև մեզ համար անակնկալ չէր լինում, մենք գիտեինք, որ նա բացառիկ է, լավագույնն է ամեն հարցում»,-ասաց նա:

Սևակի հրամանատար Զավեն Հունանյանը ևս մասնակցում էր իր զինվորի ծննդյան հիշատակի միջոցառմանը և չէր կարողանում թաքցնել արցունքները:

«Ես այս ապրումները ունենում եմ ամեն օր, երբ լսում եմ մեր Հայոց բանակում տեղի ունեցող թեկուզ չնչին կորուստների մասին: Ցավոք մենք պատերազմական շրջանում ենք, և ցավոք պատերազմն առանց կորուստների չի լինում, և Հայկական բանակը, հայոց օջախները նման մարդկանց սխրագործությունով են ապրում»,-ասաց նա:

Նա հավելեց, որ հպարտ է, որ Սևակ Խաչատրյանի նման զինվոր ունի. «Ես հպարտ եմ, որ ճանաչում են Սևակ Խաչատրյանի ընտանիքին։ Եթե ինձ հնարավորություն ընձեռվի ևս մեկ որդի ունենալ, խոսք եմ տվել, որ որդուս անունը կոչելու եմ Սևակի անունով։ Ես ավելին չեմ կարող արտահայտել իմ զգացումները իմ որդու, իմ ընկերոջ, իմ որդու մասին»:



Մանրամասները՝ տեսանյութում։