ԱՄՆ-ի հայ ուսանողները Ցեղասպանության ժխտման դեմ ուղղված բողոքի լուռ ակցիաներ կանցկացնեն
Համահայկական ուսանողական ընկերակցությունը (All-ASA) պատրաստվում է փետրվարի 9-ին «Ժխտման խայտառակություն» (Stain of Denial) կարգախոսով բողոքի լուռ ակցիաներ անցկացնել ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտման, հայտնում է Asbarez-ը:
Հայտնի է, որ բողոքի ակցիաներն անցկացվելու են այն քոլեջներում և համալսարաններում, որտեղ սովորում են ընկերակցության անդամները:
Ակցիաները հովանավորվում են ԱՄՆ Հայկական երիտասարդական միության և մի շարք այլ կազմակերպությունների կողմից:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Ժխտման խայտառակությունը» կազմակերպվում է ամեն տարի՝ ուսանողության շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով:
Ակցիայի մասնակիցները պատմում են Թուրքիայի իշխանությունների վարած ժխտողական քաղաքականության, ինչպես նաև Ցեղասպանության պատմական փաստի ճանաչման ու փոխհատուցման տրամադրման անհրաժեշտության մասին:










