Վճռական և գոռոզ. ինչ է բացահայտում Թրամփի ձեռագիրը նրա մասին (լուսանկարներ)
Գրիչների և գրենական պիտույքների արտադրությամբ զբաղվող National Pen ընկերության մասնագետները վերլուծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռագիրն ու մի քանի ուշագրավ փաստ պարզել նրա մասին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ձեռագրի վերլուծությունը՝ գրաֆոլոգիան, հնարավորություն է տալիս տվյալ անձի բնավորությանն ու առողջությանը վերաբերող ավելի քան 5.000 մանրամասն իմանալ:
Ըստ այդմ՝ պարզվել է, որ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը սիրում է գործել «կուլիսների» հետևում, ինքնահավան է, նախընտրում է միշտ լինել ուշադրության կենտրոնում:
Թրամփի՝ ընդգծված մեծություն ունեցող ու դեպի ձախ թեքված տառերը վկայում են, որ նա ձևացնում է, թե շատ ինքնավստահ է:
Բառերի արանքներում թողնված կարճ տարածությունները փաստում են, որ նախագահը տանել չի կարողանում միայնությունն ու սիրում է միշտ մարդկանցով շրջապատված լինել: Մինչդեռ տառերի սրածայր լինելը խոսում է այն մասին, որ գրողն ագրեսիվ է, լարված, խելացի ու հետաքրքրասեր:
Թրամփի ձեռագրի վերլուծությունից պարզ է դարձել, որ ԱՄՆ ղեկավարն ունի վառ երևակայություն, էներգիայով լի է, վճռական, գոռոզ, համառ, հավակնոտ, ամենայն լրջությամբ է վերաբերվում իր առջև դրված նպատակներին, ինչպես նաև շատ ծանր է տանում քննադատությունը և ունի բարձր ինքնագնահատական:













