«ՀՀԿ-ն որևէ քաղաքական գործչի դեմ չի պայքարում՝ առավել ևս Հովիկ Աբրահամյանի». նախկին վարչապետը հեռացվեց ՀՀԿ խորհրդից
Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը որոշում է կայացրել ՀՀԿ խորհրդի կազմից ազատել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, նրա եղբայր Հենրիկ Աբրահամյանին, Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին և ՀՀԿ-ական պատգամավոր, Արարատի ՀՀԿ կառույցի ղեկավար Կարինե Պողոսյանին:
Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ քննարկել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր, քննարկվել է նաև ՀՀԿ նախընտրական ծրագիրը:
Լրագրողները խնդրեցին գնահատական տալ ՀՀԿ-ից հեռանալու վերջին դիմումների առթիվ՝ նկատելով, որ փաստորեն ՀՀԿ-ում լինելը պայմանավորվում է պաշտոններ ունենալով: «Սա բնականոն գործընթաց է: Յուրաքանչյուր քաղաքացի ազատ է անդամակցելու այս կամ այն կուսակցությանը: ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, ՀՀԿ-ին և անդամագրվում են, և դուրս են գալիս, և արտահոսք կա, և ներհոսք կա, բայց դա անհամաչափ է: Բնականաբար, արտահոսքը շատ ավելի քիչ է, քան ներհոսքը:
Մենք բոլոր գործընկերներին., այդ թվում Հովիկ Աբրահամյանին շնորհակալություն են հայտնում: Իրենք են իրենց ճակատագիրը որոշել, իրենք են իրենց ճակատագրի դարբինը: Իրենք ընտրել են այլ ճանապարհ»,-ի պատասխան ասաց Շարմազանովը:
Դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո ՀՀԿ-ն խնդիրներ կունենա Արարատում ձայներ ստանալու առթիվ, ՀՀԿ խոսնակն ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ ՀՀԿ-ն խնդիրներ կունենա, որևէ մեկն ակնկալում է, որ ՀՀԿ-ն 100 տոկոս ձա՞յն կունենա: Շատ նորմալ է, որ հանրության մի մասը ընտրում է այս կուսակցությանը, մեկը՝ այլ: Մենք ազատ քաղաքական մրցակցության կողմնակից ենք: Անկախ նրանից՝ մեր օպոնենտը նախկին ՀՀԿ-ական է, նախկին պաշտոնյա է, թե նախկին ընդդիմադիր»:
Հարցին, թե Արարատի ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նշանակումը նպատակ ունի՞ նվազեցնել Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը Արարատի մարզում, ՀՀԿ խոսնակն այսպես պատասխանեց. «ՀՀԿ-ն որևէ քաղաքական գործչի դեմ չի պայքարում՝ առավել ևս Հովիկ Աբրահամյանի, մենք ընդդեմ չենք, մենք հանուն ենք՝ անկախ նրանից, թե որ քաղաքական դաշտում կլինեն ձեր նշած քաղաքական գործիչները՝ մենք ունենք մեր քաղաքական ծրագիրը»:
Շարմազանովը նաև հավելեց, որ ՀՀԿ նախընտրական ցուցակը լինելու է ամենառեյտինգային և ամենաամբիցիոզը:










