Հոլիվուդյան աստղերը ծաղրել են Թրամփին «այլընտրանքային» Սահմանադրություն օգտագործելու համար (տեսանյութ)

15:58 • 02.02.17

Շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչները ծաղրական տեսահոլովակ են նկարահանել, որը «սենսացիա» է բացահայտում` ԱՄՆ «այլընտրանքային Սահմանադրության» գոյությունը, որի միակ պատճենը գտնվում է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի մոտ:

People-ի հաղորդմամբ` տեսահոլովակի ստեղծմանը մասնակցել են դերասանուհիներ Էմբեր Հերդը, Շեյլին Վուդլին, Սյուզան Սարանդոնը, Լիզի Կապլանը, Քլոե Բենեթը, Կոնստանս Վուն, Ջեյմի Չանգը, ինչպես նաև` դերասան Մեթ ՄքԳորին և մոդել Կառա Դելևինը:

«Պատմաբանները հաստատել են այլ Սահմանադրության գոյությունը: Այն կոչվում է «Այլընտրանքային Սահմանադրություն»: Թրամփը պատահաբար ստացել է դրա միակ նմուշը, երբ դեռահաս է եղել: Նա աշխատում է սխալ Սահմանադրությամբ և նույնիսկ չգիտի դրա մասին», - ասել են աստղերը տեսահոլովակում:

Տեսահոլովակում նաև բերվել են իսկական Սահմանադրության հոդվածները, որոնք «աղավաղվել են» այլ տարբերակում: Դերասանները հիշեցրել են, որ իսկական Սահմանադրությունը Կոնգրեսին արգելում է օրենքներ ընդունել, որոնք որևէ սոցիալական խմբի կամ կրոնի են խտրականության ենթարկում:  

«Սակայն եթե գեղեցիկ, խելացի, վախեցած նախագահը հրամայում է, ապա կարելի է», - տեսահոլովակի հեղինակների համաձայն՝ ասվում է այլընտրանքային փաստաթղթում:

Դրանից բացի, զվարճախոսների պնդմամբ, այն փաստաթղթում, որով Թրամփը կառավարում է երկիրը, պարունակվում է հետևյալ ցուցումը. «Նրանք, ովքեր կանաչ քարտեր են կրում, պետք է հեռու պահվեն»:

Նշվում է, որ տեսահոլովակը ստեղծվել է Funny or Die կատակերգական առցանց ռեսուրսի համար:


Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն փախստականների ընդունման բոլոր ծրագրերը դադարեցվում են 120 օրով, իսկ առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 7 երկրի` Իրանի, Իրաքի, Սիրիայի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիի և Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է 90 օրով։