«Գեղարդ մսամթերքի կոմբինատը» սնանկացել է ու չի գործում. սեփականատերը հեռացել է Հայաստանից

20:38 • 02.02.17

Մսամթերքի շուկայում ժամանակին գերիշխող դիրք զբաղեցնող «Գեղարդ-մսամթերքի կոմբինատը», որը մսամթերքի լայն տեսականի էր առաջարկում, տևական ժամանակ է չի գործում ու արտադրանք չի ներկայացնում շուկա:

Tert.am-ին հայտնի դարձավ, որ Ջրվեժում գործող ընկերությունը 1,5 տարի առաջ սնանկ է ճանաչվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով:

«Գեղարդ մսամթերքի կոմբինատի» սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ մսամթերքի կոմբինատի սնանկության պատճառը խոշոր վարկն է եղել: Կոմբինատի ողջ գույքը գրավադրված է եղել բանկերից մեկում ու վարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում դարձել է բանկի սեփականությունը:

«Գեղարդ մսամթերքի կոմբինատի» սեփականատերը՝ Ալբերտ Վարդանյանը արտագաղթել է Հայաստանից Ռուսաստան:  

«Կանխամտածված սնանկության մասին խոսք չկա, իրենք չմարված հարկային պարտավորություններ չեն ունեցել»,- ասաց սնանկության գործով կառավարիչը:

Ընկերությունից չպատասխանեցին Tert.am-ի հեռախոսազանգերին։