Շոտլանդացին սխալմամբ ներառվել է Սպիտակ տան աշխատակիցների ցուցակում

11:28 • 02.02.17

Շոտլանդացի Սթիվ Բենոնը պատահաբար հայտնվել է Սպիտակ տան աշխատակիցների ցուցակում, հաղորդում է Fox News-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` Սպիտակ տան թվիթերյան պաշտոնական հաշիվը կազմել է այն օգտատերերի առանձին ցուցակը, որոնք իր աշխատակիցներն են կամ նախագահի ընտանիքի անդամները: Հավանաբար, շոտլանդացի օգտատիրոջը շփոթել են նրա հայտնի անվանակից Սթիվ Բենոնի հետ, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականն է:

Անձի նկարագրությունում ասվում է, որ նա «շոտլանդացի է, որը հպարտ է բրիտանական ծագմամբ», սակայն սա չի կանգնեցրել մոդերատորներին պատահական մարդուն ընտրյալների ցուցակում ներառելուց:

Նշվում է, որ Բենոնը ստիպված է եղել ամբողջ օրը պատասխանել զայրացած ամերիկացիների հաղորդագրություններին, որոնք քննադատել են Թրամփի` քաղաքական գործչին Ազգային անվտանգության խորհրդում ներառելու որոշումը:

Շոտլանդացու խոսքով` սա այնքան է զայրացրել իրեն, որ ինքը հսկայական գրություն է տեղադրել իր էջում` կոչ անելով չշփոթել Սթիվներին:

«Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ ԱՄՆ քաղաքականության հետ և չեմ աշխատում Սպիտակ տանը», - ավելացրել է նա:

Ավելի ուշ տղամարդուն հանել են Սպիտակ տան ցուցակից: