Թրամփն առաջարկել է ԱՄՆ զորքը Մեքսիկա ուղարկել՝ «վատ տղաներին» սանձահարելու համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել իր մեքսիկացի գործընկերոջ՝ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ, որի ընթացքում հայտարարել է, որ պատրաստ է ամերիկյան զորքերն ուղարկել հարևան երկիր՝ այնտեղի «վատ տղաներին» սանձահարելու համար:
Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ նկատելով, որ պարզ չէ, թե ում է նկատի ունեցել ԱՄՆ նախագահը՝ «վատ տղաներ» ասելով:
«Դուք այդտեղ շատ վատ տղաներ ունեք ու բավականաչափ ջանք չեք գործադրում նրանց կանգնեցնելու համար: Կարծում եմ, որ ձեր զինվորականները վախեցած են, իսկ մեր բանակը չի վախենում: Ուստի՝ կարող եմ նրանց այդտեղ ուղարկել, որպեսզի նրանք այդ ամենի մասին հոգ տանեն»,-ասել է Թրամփը:
Մեքսիկական կողմը հաստատել է, որ 2 երկրների նախագահների միջև նման հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ հերքելով, որ ամերիկյան զորքեր ուղարկելու մասը որպես սպառնալիք է հնչել Թրամփի կողմից:
Նյետոյի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Թրամփը ոչ թե սպառնալից, այլ հարգալից տոնով է խոսել մեքսիկացի գործընկերոջ հետ:










