Թրամփն Ավստրալիայի վարչապետի հետ զրույցն ամենավատն է անվանել օրվա ընթացքում. WP
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլի հետ զրույցն «ամենավատն» է անվանել օրվա ընթացքում: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը` հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների:
Պարբերականի տվյալների համաձայն` շաբաթ օրը Թրամփը հայտնել է Թերնբուլին, որ ինքն արդեն զրուցել է չորս երկրի ղեկավարների հետ, և ավստրալացու հետ հեռախոսազրույցը «դեռևս ամենավատն է»:
Աղբյուրը գրում է, որ պլանների համաձայն` բանակցությունները պետք է մոտ մեկ ժամ տևեին, սակայն Թրամփը դադարեցրել է շփումը մոտավորապես 25 րոպե անց:
Նշվում է, որ զրույցի ընթացքում Թրամփը «բոլոր ժամանակների ամենավատ» համաձայնություն է անվանել Պապուա Նոր Գվինեայի Մանուս կղզու և Նաուրուի փախստականների` ԱՄՆ վերաբնակեցման համաձայնությունը, որը կնքվել է Բարաք Օբամայի նախագահության օրոք: Թրամփն Ավստրալիային նաև մեղադրել է «նոր բոստոնյան ահաբեկիչների» արտահանելու փորձի համար:
«Այս խոսակցությունները տարվում են ուղիղ, անկեղծ և անհատական կերպով: Եթե հաղորդագրություններ եք տեսել դրանց մասին, մտադիր չեմ ինչ-որ բան ավելացնել դրանց», - ասել է Ավստրալիայի վարչապետը լրագրողներին:










