ԱՄՆ-ում ուսանողների բազմությունը խափանել է Դոնալդ Թրամփի կողմնակցի ելույթը

23:34 • 02.02.17

ԱՄՆ Բերկլի քաղաքի Կալիֆոռնիայի համալսարանի մասնաշենքը վերածվել է զանգվածային անկարգությունների և վանդալիզմի դաշտի:

Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, ավելի քան հազար ուսանողներ բողոքի ցույց են կազմակերպել համալսարանի շենքի առաջ, որտեղ պետք է ելույթ ունենար բրիտանացի լրագրող Մայլո Յանոպուլոսը: Վերջինս հայտնի է նրանով, որ քննադատում է քաղաքական կոռեկտության և բազմամշակութայնության գաղափարախոսությունը, ինչպես նաև ակնհայտորեն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Ելույթի փոխարեն լրագրողին ստիպած են եղել տարհանել, քանի որ երիտասարդ ուսանողների խիտ բազմությունը դիմակներով սկսել է ոստիկանների ուղղությամբ քարեր նետել, կոտրել շենքի և մեքենաների ապակիները: Ցուցարարներն այրել են նաև հրապարակում տեղակայված էլեկտրոգեներատորը:

Ցուցարարներին կարգի հրավիրելու համար ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառել: