ԱՄՆ դեսպանությունը փոխել է առանց հարցազրույցի մուտքի վիզան նորացնելու հնարավորության կարգը

15:22 • 02.02.17

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխել է ամերիկյան վիզաների տրման կարգը, մասնավորապես խոսքը վերաբերում է առանց հարցազրույցի մուտքի վիզան նորացնելու հնարավորությանը, այս տեղեկատվությունը Tert.am-ին հաստատեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

Այժմ վիզայի համար երկրորդ անգամ դիմելու դեպքում անհրաժեշտություն կլինի անցկացնել հարցազրույց, եթե մուտքի նախորդ թույլտվության գործողության ժամկետի ավարտի պահից անցել է ավելի քան 12 ամիս։ 

Փոփոխությունն ուժի մեջ է մտել ԱՄՆ նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Նահանգների իմիգրացիոն քաղաքականությունը խստացնող հրամանագրի ստորագրումից հետո:

«Հոդվածում քննարկվող փոփոխությունը վերաբերում է բոլոր երկրների քաղաքացիներին, սակայն տարածվում է միայն առանց հարցազրույցի մուտքի վիզան նորացնելու հնարավորության վրա: Նախագահական հրամանում նշվում է, որ դիմումատուները, ովքեր ունեն վավեր մուտքի վիզա, կամ ում մուտքի վիզայի վավերականության ժամկետը լրացել է առավելագույնը 12 ամիս առաջ, կարող են նորացնել վիզան առանց հարցազրույցի՝ հյուպատոսական պաշտոնյայի հայեցողությամբ։ Հարցազրույցի պահանջից կարող են ազատվել նաև դիվանագիտական և պաշտոնական մուտքի արտոնագրերի դիմումատուները, 14 տարին չլրացած և 79-ը բոլորած անձինք»,- նշված է պատասխանում:

ԱՄՆ դեսպանատան պատասխանի համաձայն՝ եթե նախորդ վիզայի վավերականության ժամկետը սպառվել է ավելի քան 12 ամիս առաջ, ապա գործում են առաջին անգամ մուտքի վիզա ստանալու կանոնները, որոնց համաձայն՝ դիմումատուն պետք է անձամբ ներկայանա հարցազրույցի և հաստատի իր համապատասխանությունը վիզայի տրամադրման պահանջներին:

«Վիզայի համապատասխանության պահանջները փոփոխության չեն ենթարկվել»,- նշված է դեսպանատան պատասխանում: