Միշտ չէ, որ ֆինանսական ռեսուրսները դեր են խաղում, և ՀԱԿ-ը կպայքարի ռեյտինգային ցուցակում «առևտրի» դեմ. Զոյա Թադևոսյան

21:24 • 02.02.17

Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի կարծիքով՝ ֆինանսական ռեսուրսները միշտ չէ, որ դեր են խաղում ընտրություններին և ուստի չի էլ կարծում, որ չունենալով ֆինանսապես մրցունակ թեկնածուներ ՀԱԿ-ը խոցելի է: Tert.am-ի հետ զրույցում Զոյա Թադևոսյանը նշեց, որ  շատ  թեկնածուներ  ընտրապայքարն առքուվաճառքի վերածելու հույսով են դուրս գալիս, որը նա անվանեց արիշ-վերիշներ:  «Հիմա այդ արիշ-վերիշները հետաքրքիր չեն քաղաքականությունում, դրանք սովորական բիզնես թեմա են, հետևաբար  բիզնեսի թեման քաղաքականություն պետք չէ փոխանցել, չնայած որ մեր իրականության մեջ առկա են»,-ասաց նա և նշեց, որ իրենք ռեյտինգային ցուցակում կներկայացնեն հայտնի  անձանց, ովքեր այսօրվա քաղաքական չափանիշներից ավելի բարձր են:    

-Տիկին Թադևոսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայ ազգային կոնգրեսի հնարավորությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին:   

-Ցանկացած կուսակցական, որ ներկայացնում է այս կամ այն դաշինքը կամ կուսակցությունը, թեկուզ սուբյեկտիվ դրական կարծիք չունենա իր հնարավորությունների մասին, չպետք է մասնակցի ընտրություններին ընդհանրապես: ՀԱԿ-ի հնարավորությունները ես գնահատում եմ շատ բարձր և ՀԱԿ-ի բարձր հնարավորությունները  իրագործելի կլինեն հենց այն ժամանակ, եթե իշխանական ուժերը և իշխանություններին սատարող այլ ուժերն ու դաշինքները չգնան  ընտրակեղծիքների և ընտրակաշառքի բաժանման: Այն ինչ-որ անում է ՀԱԿ-ը, անում է միանգամայն  օրինականության շրջանակում և ոչ պակաս է ծառայելու ժողովրդին և պետությանը: Իսկ մնացած ուժերը դուրս են գալիս միասին համախմբված ՀԱԿ-ի դեմ և փորձում են ՀԱԿ-ի հնարավորությունները նսեմացնել: Եթե այդ տեսանկյունից ենք նայում, ՀԱԿ-ի հնարավորությունների  իրացման դժվարություններ են առաջնում, հետևաբար և դրա համար էլ առաջնում են նման հարցեր: Բայց եթե ՀԱԿ-ի հնարավորությունը բարձր չգնահատեի ես ՀԱԿ անդամ չէի լինի, եթե անդամ եմ, ուրեմն հասկանում եմ, որ սա միակ ուժն է, որն ազնվորեն գնում է իր առջև դրած  խնդիրների լուծմանը, որն է՝ իշխանափոխությունը և մնացած բանաձևային հարցերը, որոնք դրել ենք կուսակցության ծրագրերում:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր նախընտրական այս գործընթացները, երբ օրինակ ՀԱԿ-ի հետ երկար ու դժվար ճանապարհ անցած քաղաքական գործիչները և ուժերը  հայտնվում են հակառակ ճամբարներում, պայքարում իրար դեմ, ինչպես օրինակ նախկին ՀՀՇ-ականները: 

-Դրանց գնահատականը մենք տվել ենք, ոչ միայն մեր կուսակցությունն է պաշտոնապես ժամանակին դրանց գնահատական տվել, այլ ժողովուրդն ինքն է տալիս գնահատական: Դուք՝ լրագրողներդ այդ գնահատականներին լավ ծանոթ եք, թե ինչպես են նայում այն քաղաքական գործչին, ով տարիներ առաջ ուներ մի տեսակետ այս կամ այն քաղաքական ուժի և նրա առաջնորդի մասի և 180 աստիճանով շուռ են գալիս և այլ տեսակետ ունենում: Նրանք այսպես կոչված գործիչներ են, որոնք քաղաքական դաշտում անհրաժեշտություն են և պետք եղած ժամանակ իշխանության համար դառնում են հենարան: Նրանք քննարկման առարկա էլ չեն, ես այդպես եմ կարծում, կոնկրետ ես արհամարհում եմ այն քաղաքական ուժին, որոնք անսկզբունք են:

-Տիկին Թադևոսյան, համաձա՞յն եք, որ ՀԱԿ-ը խոցելի է թերևս ռեյտինգային ընտրակարգում, քանի որ չունի ֆինանսապես մրցունակ թեկնածուներ: Ինչպե՞ս եք մրցելու նաև ընդդիմադիր կեցվածքով քաղաքական այն ուժերի հետ, որոնք ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեն:

-Մենք ռեյտինգային ցուցակում ներկայացրել ենք անձինք, ովքեր շատ հանրահայտ են, կլինեն ճանաչված անձինք և բոլոր ընտրատեղամասերում ներկայացված կլինեն առնվազն մեկ, երկու քաղաքականապես հայտնի և հզոր գործիչներ, այսօրվա քաղաքական չափանիշներից ավելի բարձր, հետևաբար ֆինանսական ռեսուրսները միշտ չէ, որ դեր են խաղում: Եթե մարդուն հավատում են, քաղաքական ուժին հավատում են, մարդու արած գործը տեսել են, գիտեն, որ այդ մարդը երբեք չի կորցրել իր արժանապատվությունը, այդպիսի մարդիկ ընդունված են ընտրողների կողմից, քան նրանք, ովքեր ուղղակի խոսում են  գրպանի պարունակությունից ելնելով, բոլոր իրենց քաղաքական գործողություններն իրենք իրացնում է առքուվաճառքի հիման վրա. թուրքերը դրան ասում են արիշ-վերիշ՝ առևտուր: Հիմա այդ արիշ-վերիշները հետաքրքիր չեն քաղաքականությունում, դրանք սովորական բիզնես թեմա են, հետևաբար  բիզնեսի թեման  քաղաքականություն պետք չէ փոխանցել, չնայած որ մեր իրականության մեջ առկա են: Իհարկե, սահմանափակ թվով մարդիկ են դրանք, եթե դուք ճիշտ եք,եթե ֆինանսները տեղ են գտնում, ապա ընտրությունները չպետք է կեղծվեն, բայց դուք, ես և բոլոր քաղաքական դաշտի իրադարձություններին հետևող մարդիկ ականատես ենք լինում այն փաստին, որ ինչքան էլ փող բաժանվի, այդուհանդերձ իշխանությունները աշխատում են տեղամասերում, կենտրոնական ընտրահանձնաժողովներում, որպեսզի կեղծեն վերջնական տվյալները, եթե փողն աշխատում են:     

-Բայց նույն ՀԱԿ-ն էր պնդում, որ այս ընտրություններն ավելի քիչ կկեղծվեն, հաշվի առնելով իրենց մասնակցությունն ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված համաձայնության, ըստ որի՝ ընտրությունները կվերահսկվեն տեսախցիկներով:

-Ինչ-որ չափով, այո՛, կնվազի, հետևաբար կնվազի ավելի շատ ընտրողների չափով, որոնք հանրապետությունում չեն, բայց որոնց փոխարեն ընտրություն իրականացվում է, բայց իշխանությունները  ընտրակեղծարարության առումով շատ հնարամիտ են և հետաբար նրանք նորից կգտնեն ինչ-որ հնարքներ, որ կեղծեն ընտրությունների արդյունքները: Բացի այդ մի մոռացեք, որ 500 տեղամասերում չեն լինի տեսախցիկներ և այդ տեղամասերում հաստատ կբերվեն ավելի մեծ թվեր, ես դա ասում եմ, դուք ֆիքսեք և կտեսնենք:

-Տիկին Թադևոսյան, այսօր հաշվի առնելով, որ առանցքային դեմքեր են լքում են ՀՀԿ-ն, դու դրանք դիտարկո՞ւմ եք որպես իշխանական բուրգի քանդման նախադրյալներ, որը տեղի է ունենում առանց ՀԱԿ-ի ջանքերի գործադրման:

- Իշխանական բուրգն ինքն իրեն քանդվում է: Մենք դրա մասին միշտ ասել ենք,  եթե դրսից չկարողանանք քանել, ներսից ինքն իրեն քանդվելու է և դրա ականատեսն ենք, քանդվում է և բավականաչափ պարզ է դառնում, թե այդ բուրգի տարբեր մասերը ինչ նկատառումներով են եկել բուրգի մաս կազմել, այսինքն՝ այդ բուրգը տեղից էլ խարխուլ էր: Բուգը, որ ասում էինք  չակերտավոր էինք ասում, այնտեղ երբեք էլ բուրգ չկար հավատացեք, այնտեղ կան շահեր  շահերը բախվեցին և բուրգը չկա:

-Իսկ արդեն պատրա՞ստ են ցուցակները, և հաստատվա՞ծ է, թե ՀԱԿ-ը ի՞նչ ձևաչափով կգնա ընտրություններին՝ դաշինքո՞վ, թե կուսակցությունով:

-Ցուցակը պատրաստելու գործընթացի մեջ ենք, մոտ օրերս պետք է դա հանձնենք, որոշակիորեն մեզ համար պարզ է, բայց դեռ հրապարակման հարց չէ: Ինչ վերաբերում է ձևաչափին, ապա դեռ վերջկական որոշում չունենք, կլինի որոշում՝ կհրապարկենք: