Ջորջ Քլունին Ֆրանսիայում պատվավոր «Սեզար» մրցանակի կարժանանա
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին փետրվարի 24-ին կստանա պատվավոր «Սեզար» կինոմրցանակ, հայտնում է Deadline-ը՝ մանրամասնելով, որ համապատասխան որոշումը կայացրել է Ֆրանսիայի կինեմատոգրաֆի ակադեմիան:
Նշվում է, որ ակադեմիայի անդամների ընտրությունը կանգ է առել Քլունիի վրա՝ վերջինիս դերասանական, ռեժիսորական, պրոդյուսերական աշխատանքի, ինչպես նաև «արտիստիկ և հոգևոր վեհության» համար:
Ակադեմիան ընդգծել է, որ Քլունին իր սերնդի ամենահմայիչ դերասանն է, որն արտացոլում է հոլիվուդյան գլամուրը, իսկ նրա անունը հավերժ կմնա լեգենդար դերասանների պանթեոնում:
Նշենք, որ նախկինում պատվավոր «Սեզար»-ի են արժանացել Մայքլ Դուգլասը, Շոն Փենը, Քեյթ Ուինսլեթը, Քվենտին Տարանտինոն:










