Դա խաղ է կրակի հետ. Ջոլին քննադատել է Թրամփի միգրացիոն արգելքը

14:56 • 03.02.17

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին, որը նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարն է, մեկնաբանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիների մուտքն 90 օրով արգելող և սիրիացի փախստականների ընդունման գործընթացն անժամկետ դադարեցնող աղմկահարույց հրամանագիրը:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Ջոլին ընդգծել է, որ այդ արգելքը «վնասելու է նախևառաջ առանց այդ էլ թույլ ու խոցելի փախստականներին»:

Քառասունմեկամյա Ջոլին, հավանաբար միտումնավոր խուսափելով Թրամփի անունը տալուց, նշել է, որ «նման արգելքը խաղ է կրակի հետ»:

«Ես մայր եմ, ունեմ 6 երեխա, որոնք ծնվել են օտար երկրներում, բայց հիմա նրանք ԱՄՆ-ի հպարտ քաղաքացիներ են: Ուզում եմ, որ ԱՄՆ-ում ապաստան ստանալու համար դիմող փախստական երեխաները, անկախ դավանանքից ու աշխարհագրական ծագումից, կարեկցանքի արժանանան»,-նշել է օսկարակիր դերասանուհին:

Ջոլին նաև նկատել է, որ «թույլերին և անօգնականներին ճնշելով՝ հնարավոր չէ հզոր ու ազդեցիկ երևալ»:

Դա խաղ է կրակի հետ. Ջոլին քննադատել է Թրամփի միգրացիոն արգելքը