Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին միջազգային պայմանագրերի խախտման համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին սահմանային գոտիների վերականգնման առնչությամբ միջազգային պայմանավորվածությունները խախտելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը սահմանային գոտի է սահմանել Բելառուսի հետ սահմանին: Համապատասխան կարգադրությունն արել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
Ինչպես նշվում է՝ որոշումը կայացվել է «ՌԴ պետական սահմանի պաշտպանության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով»: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սմոլենսկի, Պսկովի և Բրյանսկի շրջանային վարչությունները պետք է նախազգուշացնող նշաններ տեղադրեն սահմանին, ինչպես նաև որոշեն սահմանային գոտի մուտք գործելու համար նախատեսված տեղն ու ժամը:
Որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 7-ին:
«Դուք պատկերացրեք՝ գոյություն ունեն միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր: Եվ ինչ-որ մի նախարար գրչի մի հարվածով խաչ է քաշում բոլոր պայմանավորվածությունների վրա՝ արձակելով իր հրամանը՝ 801, 802, 803: Ես անգամ նշում եմ այդ հրամանագրերի համարները… Նախարարը մի գրչի հարվածով ջնջեց դա: Դա ինչ է, նորմա՞լ է»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:










