ԱՄՆ-ն սպառնացել է ջախջախիչ հարված հասցնել Հս. Կորեային

09:32 • 03.02.17

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը սպառնացել է ջախջախիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեային, եթե այդ երկիրը համարձակվի միջուկային զենք օգտագործել:


Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին Մեթիսը հայտարարել է Հարավային Կորեա կատարած երկօրյա այցի ժամանակ:


«Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների դեմ ուղղված ցանկացած հարձակում և միջուկային զենքի ցանկացած կիրառում կստանա արդյունավետ ու ջախջախիչ պատասխան»,- ասել է Պենտագոնի ղեկավարը Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում ունեցած ելույթի ժամանակ:


Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ Փհենյանը շարունակում է հրթիռներ փորձարկել, զարգացնել միջուկային ծրագիրն ու, ընդհանուր առմամբ, վտանգավոր վարք է դրսևորում:


Աղբյուրը մանրամասնում է, որ Հյուսիսային Կորեան անցած տարի փորձարկել է ավելի քան 20 հրթիռ, ինչպես նաև իրականացրել միջուկային փորձարկումներ: Բացի այդ, Փհենյանը վերագործարկել է միջուկային զենքերի արտադրության համար անհրաժեշտ պլուտոնիումի արտադրությամբ զբաղվող միջուկային կայանի գլխավոր ռեակտորը, ինչն անհանգստանալու առիթ է տվել ԱՄՆ-ին և Հարավային Կորեային։