Նորվեգիայի նախկին վարչապետին մոտ 1 ժամ պահել և հարցաքննել են ԱՄՆ-ի օդանավակայաններից մեկում

17:07 • 03.02.17

Վաշինգտոնի Դալեսի անվան միջազգային օդանավակայանի անվտանգության աշխատակիցները հարցաքննել են Նորվեգիայի նախկին վարչապետ Խյել Մագնե Բունևիկին: Այս մասին հաղորդում է ABC 7 հեռուստաալիքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ հարցաքննության պատճառ է դարձել Բունևիկի անձնագրում առկա հիշեցումն առ այն, որ նա 2014 թվականին այցելել է Իրան: Ընդ որում՝ Բունևիկը, որին մոտ մի ժամ բաց չեն թողել տերմինալից, ԱՄՆ էր ժամանել Եվրոպայից:

«Իհարկե, հասկանում եմ ահաբեկիչների` երկիր ներթափանցելու վերաբերյալ մտավախությունները: Սակայն ինձ բաց թողնելու համար բավական էր միայն տեսնել իմ դիվանագիտական անձնագիրը, որում գրված է, որ վարչապետ եմ եղել», - ասել է քաղաքական գործիչը:

Հեռուստաալիքի տվյալներով` Բունևիկը 40 րոպե անցկացրել է աֆրիկյան և մերձարևելյան երկրներից ժամանածների համար նախատեսված սենյակում, ևս 20 րոպե նրան հարցաքննել են երեք տարի առաջ Իրան կատարած այցի համար: Այն ժամանակ նա մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված կոնֆերանսին:

Բունևիկի խոսքով` նա հարցաքննությունը չի կապում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` միգրացիոն քաղաքականության խստացման հետ: Նրա կարծիքով` դա նախկին նախագահ Բարաք Օբամայի ստորագրած հրամանագրի արդյունքն է, որի նպատակը 2015 թվականի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական ակտերից հետո ահաբեկչությանը հակազդելն է: