Լուվրի մոտ անհայտ անձը հարձակվել է պարեկություն իրականացնող զինվորի վրա
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է ավելի վաղ լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, որ Փարիզի կենտրոնում՝ Լուվրի թանգարանի մոտ, անհայտ անձը հարձակվել է պարեկություն իրականացնող զինվորի վրա, հայտնում է ТАСС-ը:
«Լուվրի մոտ տեղի է ունեցել լուրջ միջադեպ, պարեկություն իրականացնող զինվորի վրա հարձակում է իրականացվել»,- հայտնել է նախարարությունը Twitter-ի իր էջում:
Ինչպես հայտարարել է դեպքի վայր ժամանած Փարիզի ոստիկանության ղեկավար Միշել Կադոն, զինվորի վրա հարձակված անձը զինված է եղել մաչետեով և բղավել է «Ալլահ Աքբար»:
Ավելի վաղ RTL ռադիոկայանը հայտնել է, որ ռազմական պարեկություն իրականացնող զինվորը ստիպված է եղել կրակ բացել հարձակումից պաշտպանվելու համար:
ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակվողը ծանր վիրավորվել է: Այժմ հրապարակը շրջափակված է ոստիկանների կողմից:
Ինչպես եթերում հայտնել է ֆրանսիացի ոստիկանների արհմիություններից մեկի ներկայացուցիչ Լյուկ Պուանյանը, զինվորներից մեկը վիրավորվել է: Նա հայտնել է նաև, որ հարձակվողի ուղղությամբ կրակ է բացել անմիջապես մի քանի զինվոր:










