Այլ կուսակցության անդամ հաստատ չեմ դառնա, դաշնակցակա՞ն, ցույց կտա ժամանակը. Սերգեյ Լոքյան

20:04 • 03.02.17

Դաշնակցության  քվոտայով Տարածքային կառավարման և զարգացման նախարար դարձած Դավիթ Լոքյանի որդին` Սերգեյ Լոքյանը չի ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է տեղեկությունը, որ հնարավոր է առաջադրվի ՀՅԴ-ից:

Tert.am-ի հետ զրույցում ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է լինի ՀՅԴ համամասնական ու ռեյտինգային ցուցակներում  Սերգեյ Լոքյանը խորհուրդ տվեց մի քանի օր էլ սպասել:

Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների` ակտիվ քննարկումներ կան  Դաշնակցությունում։ ՀՅԴ տարածքային գրասենյակներում նիստեր են գումարում, որոշում` ով ինչպես է առաջադրվելու: Սույն քննարկումների համատեքստում շրջանառվում է, որ   ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մտադրություն ունի  Դաշնակցության  քվոտայով Տարածքային  նախարար դարձած Դավիթ Լոքյանի որդին` Սերգեյ Լոքյանը, ով ԱԺ –նախկին նախագահ և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էր, հնարավոր է առաջադրվի  թիվ 1 ընտրատարածքում, որտեղ կպայքարի ՀՀԿ-ականներ Սամվել Ֆարմանյանի, Ռոբերտ Սարգյանի եւ Միհրան Պողոսյանի դեմ:

Սերգեյ Լոքյանը հայտնեց, որ որևէ կուսակցության անդամ չէ և ի պատասխան հարցի, թե  հնարավոր՞ է, որ դաշնակցական կամ որևէ այլ կուսակցության անդամ դառնա ասաց ։«Այլ  կուսակության անդամ հաստատ չեմ դառնա, դաշնակցական՝ ժամանակը ցույց կտա»: