Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել Թուրքիայի՝ Սիրիայի տարածքում իրականացրած ագրեսիայի դեմ

10:50 • 03.02.17

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել Թուրքիայի՝ Սիրիայի տարածքում իրականացրած ագրեսիայի դեմ։ Այս մասին գրում է Sputnik-ի թուրքալեզու ծառայությունը՝ հղում անելով սիրիական SANA լրատվական գործակալությանը:

Սիրիայի ԱԳՆ-ն, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ թուրքական ԶՈՒ-ն, խախտելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը, հարձակողական գործողություններ է իրականացնում երկրի հյուսիսում, որից մեծապես տուժում են նաև խաղաղ բնակիչներ:

ԱԳՆ-ի նամակում նաև շեշտվում է, որ թուրք զինվորներն Էլ Բաբ ընկած ճանապարհին օկուպացրել են որոշակի բնակելի տարածքներ:

Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։