ԱՄՆ-ում Թրամփի միգրացիոն հրամանագրի դեմ խմբակային հայց է ներկայացվել
ԱՄՆ Սիեթլ քաղաքի դաշնային դատարանում խմբակային հայց է ներկայացվել նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած միգրացիոն հրամանագրի դեմ, ինչի մասին հայտնում է ria.ru-ն՝ Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությանը հղումով:
Հայտնի է, որ Թրամփի հրամանագիրն 90 օրով արգելում է Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ, ինչպես նաև 120 օրով դադարեցնում է բոլոր փախստականների ընդունման գործընթացը: Ինչ վերաբերում է սիրիացի փախստականներին, ապա նրանց ընդունումն արգելվել է անորոշ ժամանակով:
Նշվում է, որ քաղաքացիների ու ներգաղթյալների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները դաշնային դատարանից պահանջել են չեղարկել հակասահմանադրական հրամանագիրը, որը թույլ չի տալիս ԱՄՆ-ում օրինական բնակվող մուսուլման ներգաղթյալներին ստանալ քաղաքացիություն, դառնալ մշտական բնակիչ կամ ձեռք բերել փախստականի կարգավիճակ:
Չնայած, որ Թրամփի ստորագրած հրամանագրում որևէ հիշատակում չկա ԱՄՆ-ում բնակվող մուսուլման ներգաղթյալների վերաբերյալ, այնուհանդերձ՝ իրավապաշտպան կազմակերպություններն արտահոսած փաստաթղթերից պարզել են, որ իշխանությունները կանխակալ վերաբերմունք են ցուցաբերում նաև օրինական ճանապարհով Միացյալ Նահանգներ հասած ու այնտեղ ապրող մուսուլման փախստականների նկատմամբ:
Թրամփի վարչակազմը դեռևս չի մեկնաբանել հայցը:










