ՌԴ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը

13:35 • 03.02.17

Մոսկվան դեմ է հանդես գալիս բլոգեր Անդրեյ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշմանը՝ պնդելով երրորդ երկրներին Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնման անթույլատրելիության հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ երրորդ երկրներին ռուս քաղաքացիների արտահանձնումն անթույլատրելի է, և այդ հարցով մեր դիրքորոշումը հասցնելու նպատակով մենք իրականացնում ենք ինտենսիվ կապեր Բելառուսի արտգործնախարարության, այդ երկրի համապատասխան մարմինների հետ»,- ասել է նա ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ:


Ավելի վաղ Բելառուսի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ գերատեսչությունը որոշում է կայացրել Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին՝ ադրբեջանական կողմի ներկայացրած նյութերի հիման վրա: Լապշինն ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն:


Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:


Հայտնի բլոգերը, հիշեցնենք, Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»։