Այսօր պոլսահայ հայտնի գրող, հայ որբերի հավաքագրմամբ զբաղված միսիոներ Զաբել Եսայանի ծննդյան 139-րդ տարեդարձն է

15:37 • 04.02.17

Այսօր՝ փետրվարի 4-ին, լրանում է պոլսահայ հայտնի գրող, հայ որբերի հավաքագրմամբ զբաղված միսիոներ և արևմտահայ կանանց համար պայքարի ու կանանց իրավունքների պաշտպանության խորհրդանիշերից մեկը համարվող Զաբել Եսայանի ծննդյան 139-ամյակը:

Զաբել Եսայանը ծնվել է 1878 թվականին Ստամբուլում: 1892 թվականին ավարտել է Ստամբուլի Սկյութար հայաշատ թաղամասի Սուրբ Խաչ վարժարանը, այնուհետև Փարիզում մասնակցել է Սորբոնի և Քոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։


Եսայանը 1908 թվականին վերադարձել է Կ.Պոլիս և Ադանայի ջարդերից հետո ստեղծված պատվիրակության կազմում 1909 թվականին մեկնել Կիլիկիա, այնուհետև՝ «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ Եսայանը Կիլիկիայի հայության այս ողբերգությունը նկարագրել է «Ավերակներու մեջ» (1911) գրքում, ինչպես նաև «Անեծքը» (1911) և «Նոր հարսը» (1911) պատմվածքներում։

1915-ին խույս տալով ձերբակալությունից՝ ապաստանել է Թիֆլիսում, ավելի ուշ՝ Եղեռնի մասին հիշողություններ է հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում։

Related image

Image result for Zabel Yeseyan

1918 թվականին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և որբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորյալ» (1919) վիպակները։ 1926 թվականին այցելել է Հայաստան: 1933 թվականին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ 1936 թվականին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երևույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա և ձերբակալությունը։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ Բաքվի բանտում ողբերգական մահվան հանգամանքները, մինչ այժմ անհայտ են։

Related image

2014, 2015 և 2016թթ.-ին Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչությունը լույս է ընծայել Եսայանի «Ավերակների մեջ», «Մելիհա Նուրի հանըմ» և «Հոգիս աքսորյալ» գրքերի թուրքերեն թարգմանությունները:

Image result for Zabel Yeseyan

Image result for Zabel Yeseyan surgun ruhum

Այսօր պոլսահայ հայտնի գրող, հայ որբերի հավաքագրմամբ զբաղված միսիոներ Զաբել Եսայանի ծննդյան 139-րդ տարեդարձն է