«Վանքի երեխաները». Թուրքիայում Դերսիմի ալևիացած հայերի մասին նոր ֆիլմ է նկարահանվել (տեսանյութ, լուսանկարներ)
Թուրքիայում Դերսիմի փրկված հայերի մասին նոր վավերագրական ֆիլմ է նկարահանվել. «Վանքի երեխաները» մեծ էկրաններին կհայտնվի արդեն օրերս, հայտնում է թուրքական t24.com.tr կայքը:
Ռեժիսոր Նեզահաթ Գյունդողանի ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից ու դրան հաջորդած 1937-38թթ.-ին Դերսիմի կոտորածներից հետո դերսիմցի հայերի ու նրանց ժառանգների անցած ուղին, ինչպես նաև ինքնության անվերջ որոնումների, անցյալի հետ կապված հոգեկան տրավմաների և ապագայի հույսերի մասին:
«Վանքի երեխաները» ֆիլմը հիմնված է իրական փաստերի ու ճակատագրերի պատմությունների վրա:
Դերսիմի Հալվորի գյուղում գտնվող Սուրբ Կարապետի վանքը, որն, ամենայն հավանականությամբ, կառուցվել է դեռևս 9-րդ դարում, 1915-ից հետո Դերսիմում կանգուն մնացած միակ քրիստոնեական սրբատեղին էր: 1937թ.-ի Դերսիմի կոտորածների ժամանակ վանքը ռմբակոծվում է, իսկ քահանան ձերբակալվում: 1938թ.-ին Սուրբ Կարապետն ամբողջությամբ ավերվում է, իսկ քահանան շրջանի ալևիների հետ սպանվում: Հալվորիի հայերից ողջ են մնում ընդամենը 5-6 երեխա և մի քանի միջին տարիքի մարդիկ: Վերջիններս Թուրքիայի իշխանությունների կողմից հավաքագրվում և աքսորվում են Թուրքիայի տարբեր շրջաններ:
Թուրքական պետության կողմից իրականացվող թուրքացման և իսլամացման քաղաքականությունն առաջին հերթին պարտադրում էր փոխել այս հայ երեխաների անունները, ինչն էլ իրականացվում է: Այնուհետև նրանց ստիպում են արտասանել «Քելիմեի շահադեթը» (մահմեդականությանն անցնելու աղոթքը, որով կրոնափոխում են մարդկանց – tert.am) և մահմեդականացնում: 
«Վանքի երեխաները» վավերագրական ֆիլմի նկարահանող խումբը 78 տարի անց ձեռնամուխ եղավ ողջ մնացած, բայց իրենց արմատներից հեռացված այս հայերին և նրանց սերունդներին գտնելու ու նրանց հետ հանդիպումներ անցկացնելու ծրագրին, որի ընթացքում վերջիններիս գտնելու համար ճանապարհորդել են դեպի Թուրքիայի Կոնիայի, Բալուի, Ստամբուլի, Իզմիրի նահանգներ և Դերսիմի այլ շրջաններ:


Ստորև ներկայացնում ենք «Վանքի երեխաները» ֆիլմի ավելի վաղ հրապարակված թրեյլերը.










