Մադոննան երկվորյակ քույրերի է որդեգրել
Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Մադոննան որդեգրել է Մալավիից զույգ աղջիկների, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ աստղին նման իրավունք է տվել Մալավիի գերագույն դատարանը:
Նշվում է, որ 4-ամյա Ստելան ու Էսթերը մանկատնից են:
Աղբյուրը հավելում է, որ Մադոննայի համար սա Մալավիից երեխա որդեգրելու առաջին դեպքը չէ. աստղը 2006թ. որդեգրել է Դևիդ Բանդային, իսկ 2009թ.՝ Մերսի Ջեյմսին:
Հայտնի է, որ տեղացիներից շատերը մեղադրել են երկրի իշխանություններին Մադոննայի համար բացառություն անելու և նրան, Մալավիի քաղաքացի չլինելով հանդերձ, երեխաներին որդեգրելու և նրանց արտասահման տեղափոխելու իրավունք տալու համար:
Այժմ կառավարության նշանակած անձը Մադոննայի և աղջիկների հետ Միացյալ Նահանգներ է ուղևորվելու, որպեսզի միառժամանակ հետևի, թե ինչպես է աստղը վերաբերվում որդեգիր փոքրիկներին:
Նշենք, որ Մադոննան ունի 4 երեխա, որից 2-ը կենսաբանական են, մյուս 2-ը՝ որդեգիր: Ստելայի և Էսթերի գալուստից հետո, երեխաների թիվը կհասնի 6-ի:










