Սելին Դիոնն անակնկալի է եկել իր ներկայությամբ արված ամուսնության առաջարկից (լուսանկարներ)
Հանրահայտ երգչուհի Սելին Դիոնն անակնկալի է եկել, երբ նրա երկրպագուներից մեկն իր ներկայությամբ անսպասելիորեն ծնկի է իջել ու սիրելի աղջկան ամուսնության առաջարկ արել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս ամենից ապշած աստղն ընդունել է դեմքի այնպիսի տարօրինակ արտահայտություն, որը չի վրիպել լրագրողների աչքից ու արագորեն տարածվել է համացանցում:
Հայտնի է, որ Լաս Վեգասում կայացած շոուից հետո 48-ամյա երգչուհուն են մոտեցել Նիք Ժանևսկին ու նրա ընկերուհին՝ ցանկանալով ողջունել աստղին: Դիոնի հետ մի քանի բառ փոխանակելուց հետո, երիտասարդը հանկարծակի ծնկի է իջել ու հնչեցրել կյանքի թերևս ամենակարևոր հարցը՝ «կամուսնանա՞ս ինձ հետ»:
Մինչդեռ ռոմանտիկ տեսարանին ականատես եղած երգչուհին անկեղծորեն զարմացել է՝ չկարողանալով տեսախցիկների առաջ քողարկել իր զգացողությունները:












