Բլոգեր Լապշինը տեղափոխվել է Ադրբեջանի արդարադատության նախարարության քննչական մեկուսարան
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը տեղափոխվել է Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարան: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել են երկրի գլխավոր դատախազությունից:
Ինչպես նշել են դատախազությունից, Լապշինն Ադրբեջանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքու:
Նույն օրն ավելի վաղ Բելառուսի գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Ադրբեջանին Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի համարվող Լապշինի արտահանձնման մասին երկրի գլխավոր դատախազության որոշումը:
Հունվարին Բելառուսի գլխավոր դատախազությունը վճռել էր Լապշինին արտահանձնել Ադրբեջանին՝ քրեական հետապնդման համար: Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինի արտահանձնման մասին դատախազության որոշումը: Բլոգերի փաստաբանները որոշել էին բողոքարկել այդ որոշումը վերջին ատյանում՝ Բելառուսի գերագույն դատարանում:
Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:
Ադրբեջանը լրագրողին ներառել էր երկրի «սև ցուցակում» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար:










