Գլխավոր դատախազը Քննչական կոմիտեին հանձնարարել է «Հաց բերողի» մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն իրականացնել
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Քննչական կոմիտեին հանձնարարել է Արթուր Սարգսյանի (հայտնի որպես «Հաց բերող») մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն իրականացնել: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մահացել է այսօր՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Tert.am-ի հետ զրույցում «Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանն ասել էր, որ Արթուր Սարգսյանը մարտի 15-ին դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն պորտային օղակված ճողվածքի բարդությամբ, ենթարկվել է վիրահատության։
«Արթուր Սարգսյանը մի քանի օր առաջ ինքնակամ լքել էր հիվանդանոցը, իսկ երեկ հիվանդանոց էր դիմել պորտային օղակված ճողվածքի բարդությամբ, բարդացած աղիքային անանցանելիությամբ, վիրահատության ենթարկվելու համար: Վիրահատության ենթարկվել է գիշերը, մոտ մեկ ժամ առաջ գրանցվել է մահը»,- ասել էր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը, ով մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, նախորդ տարվա 2016թ. դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել և 2017թ. փետրվարի 9-ին կալանավորվել, իսկ փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել:
Մարտի 6-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Օրինաց Երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ժառանգություն» խմբակցությունների և խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված 27 պատգամավորներ:
Մարտի 13-ին Հաց բերողի խափանման միջոց կալանքը փոխվեց անձնական երաշխավորությամբ և նա «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվեց Արմենիա ԲԿ, իսկ մի քանի օր անց տեղափոխվել էր տուն՝ համապատասխան դեղորայքային նշանակումներով և հատուկ սննդակարգով:
Սակայն մարտի 15-ին նա տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն և նույն գիշերը վիրահատության էր ենթարկվել: «Արթուր Սարգսյանը գտնվում է արհեստական ապարատային շնչառության տակ: Քնացնում ենք, որ ինքը հարմարվի ապարատին»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրիկ Մակարյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն օրեր առաջ էր դուրս գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից, որտեղ նրան տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոցից՝ 25-օրյա հացադուլից հետո:










