Յուղոտ պանիր օգտագործող մարդիկ ավելի նիհար և առողջ են. իռլանդացի գիտնականներ
Դուբլինի համալսարանական քոլեջի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մեծ քանակությամբ պանիր օգտագործող մարդիկ ավելի նիհար են: Ընդ որում, պանիրը չի բարձրացնում խոլեստերինի մակարդակն օրգանիզմում: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Մասնագետները 1500 մարդու օրինակով հետազոտել են կաթնամթերքի՝ կաթի, պանրի, յոգուրտի, կարագի և թթվասերի ամենօրյա օգտագործման ազդեցությունը 18-90 տարեկան մարդկանց վրա։
Հետազոտությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մեծ քանակությամբ կաթնամթերք օգտագործող մարդկանց մարմնի քաշի ինդեքսն ավելի ցածր է, իսկ ճարպի պարունակությունը մարմնում` ավելի քիչ: Դրանից բացի, նրանց արյան ճնշումն ավելի ցածր է, իսկ գոտկատեղն` ավելի նեղ:
«Մենք նկատել ենք, որ յուղոտ պանիր օգտագործող մարդկանց օրգանիզմում խոլեստերինի մակարդակն ավելի բարձր չէ, քան այն մարդկանց մոտ, ովքեր ճարպազերծված պանիր են նախընտրում», - ընդգծել է ուսումնասիրության մասնակիցներից մեկը:
Այս արդյունքները հակասում են ընդունված կարծիքին, որի համաձայն խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար պետք է սահմանափակել ճարպոտ կաթնամթերքի օգտագործումը:










