Ընտրություններին հաղթելու են հայ-ռուսական քաղաքական դաշտի զարգացման օգտին հանդես եկող քաղաքական ուժերը. Արամ Սաֆարյան (տեսանյութ)

13:32 • 17.03.17

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն այսօր հրավիրած ասուլիսին ներկայացրեց վերջին մեկ ամսում իրենց կողմից անցկացված քաղաքական հետազոտությունը, որը վերաբերում է հայ-ռուսական արդի հարաբերություններին:  Նրա խոսքով՝ առաջիկա ԱԺ ընտրություններում հաղթելու են այն քաղաքական ուժերը, որոնք հետևողականորեն հանդես են գալիս հայ-ռուսական քաղաքական դաշտի զարգացման օգտին։

«ՀՀ բնակչության շրջանում հարցումների բոլոր տվյալները ցույց են տալիս, որ բնակչության 70%-ը կողմ է հանդես գալիս հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը, պաշտպանում է Պուտինի քաղաքականությունը և ակնկալում է երկկողմ հարաբերությունների զարգացում»,-ասաց նա և նշեց, որ ասվածը ներառում է թե՛ ՌԴ-ում ապրող 2 մլն-ից ավելի հայերի տրամադրությունը, թե՛ ՌԴ մեկնող 220 000 միգրանտները, թե՛ ՌԴ-ի հետ կապեր ունեցող հազարավոր բիզնես կազմակերպությունները:

Սաֆարյանի խոսքով՝ ՀՀ բնակչության 90%-ն իր սպասելիքները կապում է տնտեսության զարգացման հետ, և ուստի ՀՀ հասարակությունը հիմնականում աջակցում է այն քաղաքական ուժերի կեցվածքը, որոնք հանդես են գալիս ՌԴ-ի հետ տնտեսական շահերի զարգացման և խորացման օգտին:

«Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանի գործունեության այն կողմը, որն ուղղված է ՌԴ-ում ներդրողներ գտնելուն, գործընկերներ հայտնաբերելուն և ՀՀ-ում տնտեսության զարգացման ճյուղերն առաջ տանելուն, արտահայտում է ՀՀ բնակչության այս սպասելիքը»,-ասաց նա՝ նշելով, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն օգտվում է ՌԴ քաղաքական էլիտայի և ռուս գործընկների համակողմանի աջակցությունից։

Չորորդ կետով՝ ըստ նրա՝ ՌԴ-ի հետ բարեկամության և զարգացման օգտին, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության օգտին հանդես են գալիս ՀՀ շատ քաղաքական ուժեր, բայց ՀՀԿ-ն է միանձնյա առաջատար է հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունները առաջ տանելու հարցում։

«Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման առումով գործունեության առյուծի բաժինն ընկնում է ՀՀԿ-ի վրա, որը համագործակցության սերտ կապեր ունի «Յեդինայա Ռոսիա» կուսակցության հետ»,-ասաց նա:

Երկրորդ քաղաքական ուժը «Ծառուկյան» դաշինքն է և ԲՀԿ կուսակցությունը, որը նույնպես ունի համագործակցության դաշինք «Յեդինայա Ռոսիա» կուսակցության հետ: Ըստ նրա, այս ուժի համագործակցության առյուծի բաժինն ընկնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

Երրորդ տեղում ՀԱԿ-ն է՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Ի դեպ, նա նշեց, որ ՀՀ քաղաքական դաշտում այլ կուսակցություններ էլ կան՝ մեծ ու փոքր, որոնք հանդես են գալիս հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու խորացման օգտին, թեև նշվածների համեմատ՝ հրապարակային գործունեությունը եղել է շատ համեստ:

«ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են լռության մատնել հայ-ռուսական հարաբերությունների հարցը, սա հինգերորդ թեզն է, որ ուզում եմ մատնանշել, և սրանք մանևրում են ՌԴ-ի և Արևմուտքի միջև։

ՀԿ նախագահը նշեց, թե Արևմուտքի դիվանագետները, քաղաքական գործիչները, հասարակագիտական գործիչները խորքային զրույցներում հասկանում և արտահայտվում են, որ իրականում հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն այլընտրանք չկա:

«Այլ բևեռ չկա, որ պատրաստ է իր վերցնել ամբողջ բեռը»,-ասաց նա:

Ի դեպ, Արամ Սաֆարյանը նշեց, թե սա սոցիոլոգիական հետազոտություն չէ, այլ ընթացիկ քաղաքական հետազոտություն է, որտեղ լայնորեն օգտագործվել է հարցազրույցի մեթոդը, ուսումնասիրվել են առավել նշանակալի հարցումները: