Հաքերները կnտրել են Ռոսստատի կայքը, հասել` պատերազմnւմ Ռուսաստանի կորուստների տվյալներին

18:16 • 01.11.26

Ռուսաստանի Պետական վիճակագրության դաշնային ծառայության՝ Ռոսստատի տեղեկատվական ռեսուրսները ենթարկվել են կիբեռհարձակումների, որոնք շարունակվում են հոկտեմբերի 29-ից, փաստը հաստատել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ հաքերները կայքում բելառուսերեն հետևյալ հաղորդագրությունն են տեղադրել. - «Ոչ ոք չի խուսափելու պատասխանատվությունից»:

Կոտրված կայքում հայտնվել են «Կիբեռպարտիզաններ BY» և Silent Crow հաքերային խմբավորումների լոգոտիպները: Silent Crow-ն հաղորդել է Ռոսստատի «ներքին ՏՏ ենթակառուցվածքի խախտման և ոչնչացման մասին»: Ըստ խմբավորման՝ իրենց հաջողվել է ստանալ այդ թվում «տեղեկատվությունը, որը վերաբերում է Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում ՌԴ ռազմական կորուստներին»:

«Ընդհանուր առմամբ, ենթակառուցվածքում մեր գտնվելու ընթացքում ներբեռնվել է շուրջ 23 տերաբայթ տեղեկատվություն: Հիմնական ծավալը կազմում են տվյալների բազաները, ներքին փաստաթղթերը, ծառայողական տեղեկատվությունը և տվյալները աշխատակիցների աշխատանքային համակարգիչներից», - ասված է հաքերների հայտարարությունում: 

Ռոսստատից РБК-ին փոխանցել են, որ գրոհները մանրակրկիտ նախապատրաստված էին և իրականացվել են միանգամից մի քանի ուղղություններով՝ տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ: Այդուհանդերձ, գերատեսչությունը պնդել է, թե տվյալների բազաների և օրենքով պահպանվող տեղեկատվության արտահոսք չի արձանագրվել:

Ռուսաստանում «Կիբեռպարտիզաններ BY» և Silent Crow խմբավորումները «ծայրահեղական կազմակերպություններ» են հռչակված: 2025 թվականի հուլիսին բելառուսցի «կիբեռպարտիզանները» կոտրել էին «Աէրոֆլոտ»-ի ՏՏ համակարգերը՝ մասշտաբային խափանումներ առաջացնելով ռուսաստանյան ավիափոխադրումներում: