Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ

15:13 • 01.11.26

Իրանը բարձրացնում է իր զինված ուժերի մարտունակությունը՝ երկրի նկատմամբ ագրեսիայի դեպքումառանց աշխարհագրական սահմանափակումների ռազմական պատասխան տալու համար։ Այս մասին, «Tasnim» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մեհրդադ Էհլաքին։

ԻԻՀ պաշտպանության նախարարը նշել է, որ սպառնալիքի դեպքում Իրանը անակնկալի չի գա և ճնշման տակ չի ընկրկի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հակամարտության նոր սրացման դեպքում ամերիկացիները կարող են սահմանափակվել հարվածելով մեկ կամ երկու օբյեկտների, որոնց ոչնչացման համար կպահանջվի ընդամենը 10 րոպե:

«Մենք ձգտում ենք խելացի տեխնոլոգիաների կիրառմամբ բարձրացնել մարտունակությունը և իրագործել ցանկացած սպառնալիքի արագ, արդյունավետ և համարժեք արձագանքման ռազմավարություն՝ ցանկացած կետում և առանց աշխարհագրական սահմանափակումների», – հայտարարել է իրանցի նախարարը:

Պաշտոնյայի խոսքով՝ պաշտպանական սարքավորումների և սպառազինության նախագծման, արտադրության և մատակարարման ցիկլի արագացումը, արդյունաբերական և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ամրապնդումը, ինչպես նաև զինված ուժերին աջակցելու հնարավորությունների բարձրացումը նախարարության գործունեության գերակա ուղղություններն են:

Էհլաքին ընդգծել է, որ ցանկացած ագրեսիա կստանա համարժեք, վճռական և արդյունավետ պատասխան, և նրանք, ովքեր սպառնում են, չեն կարողանա նախապես որոշել Իրանի պատասխան գործողությունների մասշտաբները, ժամկետները և հետևանքները:

«Իրանը սպառնալիքի դեպքում անակնկալի չի գա և ճնշման տակ չի ընկրկի», - հայտարարել է նախարարը: