ՀՀԿ-ն ընդունում է Հ1-ի՝ մրցակից ուժերի առաջին համարների մասնակցությամբ բանավեճին մասնակցելու  հրավերը. Արմեն Աշոտյան

15:11 • 17.03.17

«Հանրապետական» կոսւակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Հանրային հեռուստաընկերությունը նախաձեռնել և արդեն հայտարարել է քաղաքական բանավեճի ձևաչափ՝ բոլոր մրցակից ուժերի առաջին համարների մասնակցությամբ: «Գրավոր դիմել է բոլոր կուսակցություններին՝ այդ թվում մեզ: Ես ցանկանում եմ որպես ՀՀԿ շտաբի քարոզչության պատասխանատու հայտարարել, որ մենք ընդունում ենք  Հանրային հեռուստաընկերության հրավերը և պատրաստ ենք նման ձևաչափով ի դեմս Վիգեն Սարգսյանի՝ մեր առաջին համարի, մասնակցել հեռուստաբանավեճի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ առաջին անգամ բոլոր կուսակցությունների լիդերների մասնակցությամբ բանավեճի հնարավորության մասին Արմեն Աշոտյանը խոսել է մի քանի օր առաջ Tert.am-ին հետ զրույցում:

Ինչ վերաբերում է հարցին, թե հատկապես, ո՞ր ուժին է մրցակից համարում, նա ասաց, իրենց համար քաղաքական գործընթացին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը ընտրարշավի մեջ են և բնականաբար ձայն հավաքելու տեսակետից մրցակիցներ են: 

Արձագանքելով դիտարկմանը, թե «Հանրապետական» կուսակցության անդամները, կարծես, հրաժարվում են բանավեճերին մասնակցելուց, Արմեն  Աշոտյանն ասաց, որ նրանք մասնակցում են բոլոր այն բանավեճերին, որտեղ կա հստակ ձևաչափ և բովանդակություն:

«Մենք  հրաժարվում ենք բոլոր այն հարթակներից, որտեղ բանավիճելու, ծրագրեր, մտքեր փոխանակելու փոխարեն առաջարկվում է բարձր գոռալու և ղժղժալու ձևաչափ: Մենք նպատակահարմար չենք համարում նման ձևաչափով մասնակցել: Բանավեճը վեճ չէ»,-ասաց նա: