ԱՄՆ-ում շատախոս գործընկերներից «պաշտպանող» հավելված է ստեղծվել
Ամերիկյան Breather ընկերությունը հավելված է մշակել Google Chrome բրաուզերի (դիտարկիչ) համար, որն օգնում է «փրկվել» շատախոս գործընկերներից: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` այն տեղադրելուց հետո բրաուզերի վերևի աջ անկյունում հայտնվում է Nope («Ոչ») գրությամբ կոճակը: Այն սեղմելու դեպքում բրաուզերը հավաքում է օգտատիրոջ հեռախոսահամարը, որպեսզի նա ձևացնի, թե իբր իրեն զանգում են, և նա այլևս չի կարող շարունակել զրույցը:
Հավելվածի հեղինակների խոսքով` յուրաքանչյուր գրասենյակային աշխատող առնչվել է իրավիճակի, որում գործընկերները երկար խոսակցություն են սկսել քաղաքականության կամ ընտանիքի մասին: Շատերը քաղաքավարությունից ելնելով չեն կարող ընդհատել այսպիսի զրույցները, չնայած այն հանգամանքին, որ հաճախ դրանք շեղում են կարևոր գործերից:










