Lotus-ը ներկայացրել է իր գերթեթև սպորտային մեքենան (լուսանկարներ)
Lotus բրիտանական ավտոարտադրողը պաշտոնապես ներկայացրել է Elise կուպեի հատուկ տարբերակը, որն ստացել է Sprint անվանումը և հանդիսանում է տվյալ շարքի ամենաթեթև մոդելը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, նորագույն մոդելը կշռում է ընդամենը 798 կգ: Մոդելը համալրվել է լիթիում-իոնային թեթև մարտկոցներով, թափքի ածխածնի մանրաթելից պատրաստված մասերով, ինչպես նաև երկկազմ արգելակման սկավառակներով: Այս ամենի շնորհիվ նոր մոդելը նախորդից թեթև է 41 կգ-ով:
Lotus Elise Sprint-ը ներկայանում է ինչպես 1.6 լիտր ծավալով ատմոսֆերային շարժիչով, այնպես էլ 1.8 լիտր ծավալային շարժիչով: Առաջինի հզորությունը կազմում է 135 ձիաուժ, երկրորդինը` 220 ձիաուժ: Երկուսն էլ համադրվում են 6 աստիճան մեխանիկական փոխանցման տուփի հետ:
Նորագույն մոդելն առաջին շարժիչի օգնությամբ 100 կմ/ժամը կարող է զարգացնել 5.9 վայրկյանում, իսկ երկրորդի օգնությամբ` 4 վայրկյանում: Մեքենայի արժեքը փոքրածավալ շարժիչով կազմում է 37 300 ֆունտ ստերլինգ, իսկ առավել հզոր տարբերակով` 44 400 ֆունտ:














