«Ծառուկյան» դաշինքը բացառում է ՀՀԿ-ի հետ հետընտրական որևէ կոալիցիա. Նաիրա Զոհրաբյան

11:45 • 17.03.17

ԱԺ պատգամավորի թեկնածու, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դեռևս վաղ է համարում առանձնացնել որևէ քաղաքական ուժի, այդ թվում նաև «Ելք» և ՕՐՕ դաշինքներին և խոսել հնարավոր հետընտրական համագործակցությունների ու դաշինքների մասին: ««Ծառուկյան» դաշինքը միայն մեկ քաղաքական ուժի հետ է բացառում հետընտրական որևէ  կոալիցիա»,-ասաց նա:


-Տիկին Զոհրաբյան, մամուլը վերլուծություններ է անում, հիմնվելով Ձեր, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների վրա, թե բացառվում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմեք և զուգահեռ ենթադրում, որ մեկ քաղաքական ուժի հնարավոր չի լինելու միանձնյա կառավարություն ձևավորել: Վերլուծություններում հնարավոր են համարում Ելք-Ծառուկյան դաշինքը, հետագայում նաև՝ ՕՐՕ հետընտրական դաշինք: Ինչքանո՞վ եք համակարծիք:     



-Նախ այդ ենթադրությունները մեզ համար հիմք չեն, որ հնարավոր չէ մեկ ուժ կազմի բացարձակ մեծամասնություն, ես ձեզ ասում եմ, որ հնարավոր է: Ես չեմ հիմնվում սոցիոլոգիական տարբեր հարցումների վրա, որտեղ, իհարկե, «Ծառուկյան» դաշինքն առաջին հորիզոնականում է, ինձ  համար սոցիոլոգիական ամենաճշգրիտ հարցումները հանրային վստահությունն է, մարդկանց հավատն է «Ծառուկյան» դաշինքի և անձամբ Գագիկ Ծառուկյանի հանդեպ, որը մենք տեսնում ենք քարոզարշավին Ծառուկյանի հետ հանդիպումներում և տեսնում ենք մեր տաս քաղաքական քարոզչական թիմերի հետ հանդիպումներում: Ես որևէ քաղաքական ուժի չեմ թերագնահատում, բայց դուք կարող եք տեսնել, թե ինչքան մարդ է լինում Ծառուկյանի հետ  հանդիպմանը և ընդամենը երկու, երեք, առավելագույնը՝ տաս հոգի մնացած քաղաքական ուժերի հետ հանդիպմանը՝ չհաշված իշխող կուսակցությանը: Այնպես որ՝ մենք գնում ենք վերցնելու ամենաբարձր նշաձողը՝ 50+1: Այդուհանդերձ, «Ծառուկյան» դաշինքը միայն մեկ քաղաքական ուժի հետ է բացառում հետընտրական որևէ կոալիցիայի ձևավորումը, անունը կլինի «ազգային համաձայնություն», «համազգային եղբայրություն», թե «ազգային դաշնության ղեկավարություն»: Դա գործող իշխանության քաղաքական ուժն է՝ ՀՀԿ-ն, որն այո՛, բազմաթիվ ոլորտներում արձանագրել է կատարյալ ձախողում:

 

2012-ին, երբ ԲՀԿ-ն ստացավ ընտրողների մոտ 500 000 քվեն, և եղավ առաջարկ կոալիցիա կազմելու, առաջարկ, որից որևէ քաղաքական ուժ չէր հրաժարվի՝ Ծառուկյանը հրաժարվեց և ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիա կազմել, քանի որ, եթե չենք ունենալու որոշումների քվոտա և մենք պետք է պատասխանատվություն կրեինք այս բոլոր ձախողումների համար: Այդ պատճառով այս պահին որևէ քաղաքական ուժի չեմ առանձնացնի, ընդամենը կասեմ ՀՀԿ-ի հետ բացառվում է, իսկ մնացած քաղաքական ուժերի հետ, ովքեր կանցնեն խորհրդարան, հետընտրական համագործակցությունը կքննարկենք  ընտրություններից հետո:   

 

- Հաշվի առնելով, որ ՕՐՕ-ում Ձեր նախկին կուսակիցներն ու գաղափարակիցներն են և ավելի վաղ էլ ներքաղաքական կուլիսներում շրջանառվում էր, որ միանալու եք, ինչո՞ւ դա տեղի չունեցավ դեռևս «Ծառուկյան» դաշինքի ձևավորման ընթացքում և կա՞ ավելի մեծ հավանականություն,  որ հենց նրանց հետ միավորվեք:  

-«Ծառուկյան» դաշինքը նախընտրական փուլում ունեցել է տարբեր ֆորմատի քննարկումներ  և բնական է, նախընտրական փուլը ենթադրում է տարբեր քաղաքական ուժերի հետ  բանակցություններ: Այս պահին դաշինքում այնքան քաղաքական  ուժերն են, որոնց հետ մենք ունեցանք վերջնական համաձայնություն: Ինչ վերաբերում է ՕՐՕ-ի հետ հետընտրական  համագործակցությանը, ապա, կրկնում եմ, թույլ տվեք ընտրողը որոշի, թե որ քաղաքական ուժերը կանցնեն խորհրդարան և այդ ժամանակ առավել առարկայական իմաստ կունենա խոսել: Ի՞նչ  համագործակցություն կլինի, ո՞ր քաղաքական ուժերի հետ կլինի, ի՞նչ ձևաչափով կլինի, կարելի է  խոսել ընտրությունների հետո, մեկի հետ միանշանակ բացառեցի: