Հաքերները կոտրել են Microsoft-ի և Apple-ի օպերացիոն համակարգերը՝ հարյուրավոր հանդիսատեսի աչքի առաջ
Կանադական Վանկուվեր քաղաքում Pwn2Own 2017 հաքերների ամենամյա մրցույթի շրջանակում տեղեկատվական անվտանգության ոլորտի հետազոտող թիմերը հարյուրավոր հանդիսատեսի աչքի առաջ կոտրել են Microsoft Windows և Apple MacOS օպերացիոն համակարգերը: Այդ մասին հայտնում է eweek.com-ը:
Փորձարկումների առաջին օրը Qihoo360 թիմը կոտրել է MacOS–ը, ինչի համար ստացել է 10 հազար դոլար 1 միլիոն դոլարի ընդհանուր մրցանակային ֆոնդից: Նույնչափ գումար է ստացել Chaitin Security Research Lab թիմը, որը կարողացել է կոտրել MacOS-ը մեկ այլ խոցելիության միջոցով:
Windows օպերացիոն համակարգը կոտրել են 360 Security և Team Sniper թիմերի մասնագետները: Նրանցից յուրաքանչյուրն աշխատել է 15-հազարական դոլար:
55 հազար դոլար պարգևատրման համար Team Sniper-ի և Sword Team-ի հետազոտողները կոտրել են նաև Microsoft Edge բրաուզերը, իսկ Chaitin Security թիմը խոցելիություն է գտել Mozilla Firefox-ում: 360 Security-ն 35 հազար դոլար է ստացել Safari-ն կոտրելու համար:
Pwn2Own-ն հաքերների ամենամյա մրցաշար է, որն անցկացվում է 2007 թվականից՝ CanSecWest տեղեկատվական անվտանգության համաժողովի շրջանակներում: Մասնակիցները պետք է սահմանափակ ժամանակում կոտրեն որևէ սարք կամ ծրագիր, ինչից հետո դրամական պարգևատրման դիմաց արտադրողին ներկայացնեն խոցելիությունը։










