Uber-ի նախագահ Ջեֆ Ջոնսը նեղացել է և հեռացել ընկերությունից. BBC
Տաքսի կանչելու Uber առցանց ծառայության նախագահ Ջեֆ Ջոնսը հեռացել է ընկերությունից՝ այնտեղ վեց ամիս էլ չաշխատելով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Ջեֆին ընկերությունում կես տարի աշխատլեու համար և նրան ամենայն բարիք մաղթում»,- ասված է Uber-ի մամուլի հաղորդագրությունում:
Ընկերությունում BBC-ի աղբյուրը հայտնել է, որ Ջոնսի հրաժարականն անակնկալ է դարձել:
BBC-ի տեղեկություններով՝ Ջեֆ Ջոնսը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրան չեն առաջարկել գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնը: Դա նոր պաշտոն է, որը Uber-ը ստեղծում է՝ փորձելով կայունացնել ընկերությունը խոշոր սկանդալների շարքից հետո:
Այնուամենայնիվ, տեխնիկական նորությունների Recode կայքը հայտնում է, որ Ջոնսի հեռանալու պատճառը Uber-ում շարունակվող սեքսիզմի, գենդերային հողի վրա խտրականության դեպքերի կոծկումների և աշխատավայրում ոտնձգությունների դեպքերն են դարձել:
Փետրվարին Uber-ի հիմնադիր և ղեկավար Թրևիս Կալանիկը լքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կից գործող տնտեսական խորհուրդը, ինչից հետո նրա դեմ քննադատության ալիք է բարձրացել: Կալանիկը վերջերս նաև հայտնվել է Uber-ի վարորդներից մեկի հետ տեղափոխման սակագների վերաբերյալ վեճի տեսանյութում:
Տեսանյութի հրապարակումը ստիպել է Կալանիկին հայտարարել այն մասին, որ նրան հարկավոր է օգնություն ընկերության ղեկավարման հարցում, ինչից հետո էլ հայտարարվել է գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնի սահմանման մասին:










