Samsung-ը ներկայացրել է Siri-ի կատարելագործված մրցակցին
Samsung ընկերությունը ներկայացրել է Bixby նոր ձայնային օգնականը, որը կհայտնվի Galaxy S8 առաջատար սմարթֆոնում:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը, տվյալ օգնական-հավելվածն ամենախելացին է շուկայում առկա ծրագրերից և սկզբունքորեն տարբերվում է այլ ընկերությունների ներկայացրած տարբերակներից, ինչպիսին, օրինակ, Apple-ի Siri-ն է:
Samsung-ը 3 հիմնական առանձնահատկություն է նշել, որոնցով Bixby-ն տարբերվում է այլ համակարգերից: Առաջին հերթին, նշվում է օգնականի ամբողջականությունը, ինչը նշանակում է, որ այն կարող է կատարել բոլոր գործառույթները, որոնք օգտատերը կատարում է ծրագրի սովորական ինտերֆեյսի միջոցով:
Բացի դրանից՝ համակարգը հասկանում է համատեքստն ու կարող է իրավիճակից կախված տարբեր լուծումներ առաջարկել: Երրորդը Bixby-ի հնարավորությունն է հասկանալու ոչ միայն որոշակի հրահանգները, այլև տրված հարցերը:
Samsung Galaxy S8-ը ներկայացվելու է մարտի 28-ին Նյու Յորքում:










