Google-ը ներկայացրել է Android O-ի թեստային տարբերակը
Google ընկերությունը թողարկել է նոր` Android O օպերացիոն համակարգի թեստային տարբերակը, որը նախատեսված է մշակողների համար և հասանելի է սահմանափակ տեսակի սարքերում: Այս մասին հայտնում է Android Developers-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` ընկերությունն առանձնացրել է Android O-ի հիմնական առավելությունները: Համակարգը հագեցվել է ֆոնային ռեժիմում աշխատող հավելվածների համար նոր սահմանափակումներով, ինչն օգնում է բարելավել սարքի աշխատանքը: Այժմ ֆոնային ռեժիմի հավելվածները չեն կարող ինտենսիվ կերպով օգտագործել ինտերնետ տրաֆիկն ու GPS-ի տվյալները:
Նշվում է, որ փոփոխություններ են հայտնվել նաև բազմախնդրային համակարգում: Այժմ որոշ հավելվածներ հնարավորություն են ստացել աշխատել «պատկերը պատկերի մեջ» ռեժիմով: Այսպես, օրինակ, տեսանվագարկիչը կարող է բացվել առանձին մինի-պատուհանով` ամբողջ էկրանի վերևից` թույլ տալով տեղափոխել պատուհանն ու փոխել դրա մասշտաբը:
Հայտնի է, որ մշակման է ենթարկվել նաև «Կարգավորումներ» հավելվածը, ծանուցումների հատվածը, ստատուս-բարն ու համակարգի շատ այլ տարրեր:
Կայքի տվյալների համաձայն` նորույթը հասանելի է Nexus 5X, Nexus 6P, Nexus Player, Google Pixel, Pixel XL և Pixel C սարքերի համար: Այն նաև կարելի է աշխատեցնել Android-ի պաշտոնական էմուլյատորի միջոցով:










