Ուկրաինան կարող է արգելել «Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի մուտքը երկիր. Газета

11:12 • 22.03.17

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) կարող է արգելել «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանին մուտք գործել միջոցառումը հյուրընկալող երկիր՝ Ուկրաինա:


Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, ՈՒԱԾ-ն այժմ փորձում է պարզել, թե արդյոք Հայաստանի պատվիրակը Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո չի այցելել թերակղզի՝ դրանով իսկ խախտելով Ուկրաինայի իշխանությունների սահմանած որոշումը:


Աղբյուրը մանրամասնում է, որ նմանատիպ ստուգումներ իրականացվելու են նաև մրցույթի այլ մասնակիցների հանդեպ՝ պարզելու համար Ղրիմ այցելած լինելու հավանականությունը: Նշվում է, որ Արծվիկ Հարությունյանը լինելու է նման ստուգման ենթարկվող առաջին մասնակիցներից մեկը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:


Աղբյուրը նկատում է, որ ստեղծված իրավիճակում ամենևին էլ հասկանալի չէ, թե ուկրաինական կողմն ինչ հիմքեր ունի հայ երգչուհուն կասկածելու համար: Ներկայում որևէ ապացույց չկա առ այն, որ հայուհին ելույթ է ունեցել Ղրիմում: Բացի այդ, երգչուհու քրոջ՝ Շողեր Հարությունյանի խոսքով՝ իրենք Ղիմում ո՛չ ընկերներ, ո՛չ էլ բարեկամներ ունեն:


Նշվում է, որ երգչուհին ու նրա մամուլի քարտուղարը դեռևս չեն մեկնաբանել տեղեկությունը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈՒԱԾ-ի ղեկավար Վասիլի Գրիցակը հայտարարել էր, որ երկրի պետանվտանգությունը փաստաթուղթ է նախապատրաստել, որով կարգելվի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Յուլյա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա: Արգելքի սահմանման համար առիթ է հանդիսացել այն փաստը, որ երգչուհին 2015թ. ելույթ է ունեցել Ղրիմում:


Ուկրաինայի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները կարող են Ղրիմ այցելել միայն ուկրաինական իշխանություններից ստացած թույլտվության համաձայն և պետք է թերակղզի մտնեն Ուկրաինայի տարածքից:

 

Ուկրաինան կարող է արգելել «Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի մուտքը երկիր. Газета