Լիտվացուն ԱՄՆ-ում մեղադրում են ավելի քան 100 մլն դոլարի կիբեռխարդախության համար

09:38 • 22.03.17

Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի նյույորքյան գրասենյակը մեղադրանք են ներկայացրել Լիտվայի քաղաքացի Էալդաս Ռիմասաուսկասի դեմ՝ ավելի քան 100 մլն դոլարի կիբեռխարդախություն իրականացնելու համար:


Ինչպես նշում է justice.gov-ը, կասկածյալը հաքերային հարձակում է իրականացրել ու կոտրել ամերիկյան 2 ինտերնետ ընկերությունների էլեկտրոնային փոստերը, ինչից հետո դրանք լիտվացու հաշվին են փոխանցել ավելի քան 100 մլն դոլար:


Դատախազության տվյալներով՝ կասկածյալը Լիտվայում գրանցել է համակարգչային ընկերություն, որի անվանումը կրկնօրինակել է Ասիայում լայն ճանաչում ունեցող ընկերությունից: Այնուհետև նա որպես թիրախ ընտրված 2 ամերիկյան ընկերություններին նամակներ է ուղարկել՝ պահանջելով իր հաշվեհամարին փոխանցել այն գումարները, որոնք ամերիկացիները պարտք էին իրական՝ ասիական ընկերությանը:


Աղբյուրը մանրամասնում է, որ առայժմ հայտնի չէ, թե որ ընկերություններն են դարձել լիտվացու խարդախության զոհը, այնուհանդերձ՝ նշվում է, որ խոսքը վերաբերում է խոշոր անդրազգային ընկերություններին:


Հայտնի է, որ Ռիմասաուսկասը նաև կեղծել է հաշիվ-ապրանքագրերը, նամակներն ու պայմանագրային թղթաբանությունը:


Այժմ Լիտվայում ձերբակալված Ռիմասաուսկասին սպառնում է 20 տարվա ազատազրկում:

Լիտվացուն ԱՄՆ-ում մեղադրում են ավելի քան 100 մլն դոլարի կիբեռխարդախության համար