WikiLeaks-ը նոր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել՝ iPhone-ները և MacBook-երը կոտրելու ԿՎՀ-ի մեթոդների մասին

12:14 • 24.03.17

WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությանը պատկանող հաքերային գործիքների և մեթոդների վերաբերյալ Vault 7 անվանումով փաստաթղթերի փաթեթի նոր մասը, հայտնում է The Verge-ը:


«Մութ գործ» (Dark Matter) կոչվող հրապարակումը պարունակում է Apple ընկերության սարքերի վերաբերյալ փաստաթղթեր, որոնցում նկարագրվում են MacBook-երը և iPhone-ները կոտրելու և վարակելու համար ԿՀՎ-ի օգտագործած մեթոդները:


Փաստաթղթերի և դրանցում ներկայացված մեթոդների մեծ մասն ավելի քան յոթ տարվա վաղեմության են և չեն վերաբերում ընկերության ժամանակակից սարքերին: Այնուամենայնիվ, դրանք ցույց են տալիս Apple-ի սարքերում թերություններ գտնելու և օգտագործելու ուղղությամբ վարչության գործադրած ջանքերը:


Հաշվի առնելով խնդիրների հնությունը՝ անհավանական է, որ դրանք արդյունավետ կլինեն Apple-ի ժամանակակից սարքերի հարցում, չնայած հավանական է, որ ԿՀՎ-ն ստեղծել է նմանատիպ հնարավորություններ ժամանակակից MacBook-երը կոտրելու համար, գրում է The Verge-ը:


Apple-ը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ իր ժամանակակից սարքավորումները խոցելի չեն հարձակումների համար:


WikiLeaks-ը հրապարակել էր ԿՀՎ-ի փաստաթղթերի փաթեթի առաջին մասը մարտի 7-ին: Դրանք պարունակում էին մոտ 9 հազար փաստաթուղթ և ֆայլ: ԿՀՎ-ն հրաժարվել է հաստատել ներկայացված տեղեկատվության իսկությունը, սակայն, ԶԼՄ-ների տվյալներով, դաշնային մակարդակով հարուցվել է քրեական գործ:


Փաստաթղթերի առաջին մասի համաձայն՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հատուկ միջոցներ է ստեղծել հեռուստաէկրանները, սմարթֆոնները, համակարգիչները և անգամ հակավիրուսային ծրագրերը դրանց տերերին լրտեսելու համար օգտագործելու նպատակով: Նշվում է, որ ԿՀՎ-ն ստեղծել է գաղտնի հաքերային ծրագիր, որն իր գործակալներին հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ ամենօրյա սարքերի կառավարմանը: Համաձայն փաստաթղթերի՝ ԿՀՎ-ն նաև ուսումնասիրել է ավտոմեքենաների համակարգերը կառավարելու հնարավորությունները:

WikiLeaks-ը նոր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել՝ iPhone-ները և MacBook-երը կոտրելու ԿՎՀ-ի մեթոդների մասին