ԱՄՆ-ում կաթոցներ չթողնող գինու շիշ է ստեղծվել (լուսանկար, տեսանյութ)
ԱՄՆ-ի Բրանդեյսի համալսարանի գիտնականը գինու շիշ է ստեղծել, որը կաթոցներ չի թողնում: Այս մասին հայտնում է ուսումնական հաստատության կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ` ֆիզիկոս Դանիել Պերլմանը երեք տարի շարունակ մշակել է շշի այնպիսի ձև, որը խմիչքը լցնելու ժամանակ գինու կաթիլներին թույլ չի տա հոսել ներքև:
Արդյունքում գիտնականն ինժեներ Գրեգ Վիդբերգի հետ մեկտեղ ստեղծել է անոթ, որի վերևի մասում փոքր ակոս է առկա: 2 միլիմետր լայնություն և մեկ միլիմետր խորություն ունեցող այս ակոսի շնորհիվ կաթիլները չեն հոսում շշի վրայով, և ամբողջ գինին հայտնվում է գավաթում:
Նշվում է, որ նորույթի հեղինակ Պերլմանն անվանի գյուտարար է, որն արդեն ավելի քան 100 արտոնագիր ունի մասնագիտացած լաբորատոր սարքավորումներից մինչև ռադոնի` առողջության և կյանքի համար վնասակար քիմիական տարրի տնային դետեկտոր ստեղծելու համար:











